Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Տալիթա՛, կումի»

«Տալիթա՛, կումի»
30.09.2014 | 11:11

(սկիզբը` այստեղ)

Այդ բեկումնային ժամանակաշրջանում, ինչպես մեր օրերում, շատ էին տարածված հոգեկան հիվանդությունները։ Եթե Հին կտակարանը համարյա չի հիշատակում նրանց մասին, ապա ավետարանները առիթ են տալիս մտածելու հոգեկան հիվանդությունների ինչ-որ համաճարակի մասին։ Հատկապես սարսափելի էր խելագարության մի հանելուկային տեսակ՝ բռնվածությունը կամ դիվահարությունը։ Դրանցով տառապող մարդը զգում է անձի տառապալի երկվություն. թվում էր, թե նրա մեջ բնակություն է հաստատել օտար և թշնամի ինչ-որ մեկը։ Հիվանդն աղաղակում է անբնական ձայնով, խոսում է դևերի անունից, որ ապրում էին իր մեջ, երբեմն հավատացնելով, որ իր մեջ ապրում է դևերի մի ամբողջ բանակ։ Բռնվածներից շատերը միայն երբեմն էին ընկնում մոլուցքի մեջ, ուրիշները ամենևին ուշքի չէին գալիս և մարդաբնակ տեղերից փախչում էին վայրի անապատները։ Երբեմն նրանք ապրում էին լքված գերեզմաններում, և մարդիկ սարսափով էին լսում նրանց ոռնոցն ու քրքիջը։ Քրիստոս միայն Իր ներկայությամբ զարմանալի ազդեցություն էր թողնում այդ դժբախտների վրա. երբեմն բավարար էր լինում Նրա տիրական մեկ բառը կամ հպումը, և հոգին ազատվում էր իրեն տիրապետած չար ուժերից։ Նրանց վերադարձնելով նոր կյանք, Հիսուսը առողջացածներից պահանջում էր ներքին լիակատար վերակառուցում։ Դևերը հղփանում են մեղքերի վրա։ Եթե հետագայում մարդը նոր կյանքի հոգով չլցվի, ապա բռնվածությունը կվերադառնա կրկնակի զորությամբ: Քրիստոսի ժամանակակիցները դևերին պատկերացնում էին բնապաշտորեն, անապատում բնակվող չարանենգ էակների տեսքով։ Այդ պատճառով և, հասկացված լինելու համար, ուսուցիչը Իր խոսքը համեմեց այսպիսի առակով. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։ Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա. և գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրված ու կարգի բերված։ Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ և մտնում, բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր»։ Բուժումների մասին լուրն սկզբից ևեթ հարուցեց օրենքի երուսաղեմյան պահապանների զայրույթը։ Հազիվ էին կասեցրել մարդկանց կասկածելի կուտակումները Հորդանան գետում, և ահա նորից պետք է միջոցներ ձեռնարկել ուղղափառ հավատը պահպանելու և տգետներին խելքի բերելու համար։ Արդեն առաջին անգամ չէ, որ Գալիլիան մայրաքաղաքային հոգսեր է պատճառում։ Ինչ-որ մեկը լավ հիշում էր ապստամբ և պարտիզան Հուդա Գավլոնիտին։ Խավարամիտ ժողովուրդը միշտ պատրաստ է հավատալու կեղծ մարգարեներին և խաբեբաներին։ Սակայն ժամանելով Կափառնայում քաղաքը, դպիրները հասկացան, որ իրենց համար դժվար է վիճարկել կատարվող հրաշքների իրականությունը։ Դրա համար նրանք սկսեցին ըստ կարելվույն հմտանալ՝ հարմար բացատրություններ գտնելու համար։ Չէ՞ որ նրանք չէին կարող Նիկոդեմոսի նման հավատալ, որ Աստված գործում է իրենց կողմից արհամարհված Նազովրեցու միջոցով։ Նրանցից մեկը որոշեց, որ Հիսուսը կախարդությունը սովորել է Եգիպտոսում, իսկ մյուսները փորձում էին ժողովրդին համոզել, որ Նա դևերին քշում է նրանց «իշխանի»՝ Բեհեզեբուղի հետ դաշինք կնքած։ Բայց Հիսուսն անմիջապես փակուղի էր մտցնում այդ խորամանկ վարկածները հնարողներին։ Նա դպիրներին հարցրեց՝ ինչպե՞ս կարող է սատանան սատանային քշել, նման չի՞ լինի այդ երկպառակտիչ պատերազմի, որը մահաբեր կլինի ոգիների ամբողջ թագավորության համար։ Նա Իր հակառակորդներին ուղղակիորեն մեղադրեց Սուրբ Հոգուն հայհոյելու մեջ, Որի զորությամբ գթասրտության հրաշալի գործեր են կատարվում։ Ինչպես են իրենք իրենց հավատի ծառայողներ համարում, եթե ընդունակ չեն բարին չարից տարբերելու։ Կա՛մ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արեք և նրա պտուղն էլ չար կլինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչվում։ Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կկարողանաք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է: Նետը կպավ նպատակակետին: Ամբարտավան աստվածաբանները խայտառակ եղան ամբողջ ժողովրդի առաջ: Նրանց զայրույթը սահման չուներ, և գաղտնի ժողով անելով, որոշեցին, որ հարկավոր է վերջ դնել այն գայթակղությանը, որ սերմանում էր Հիսուսը: Երբ ուսուցիչը հաջորդ անգամ այցելեց Երուսաղեմ՝ տոնին մասնակցելու, Իր պահվածքով և խոսքերով ավելի մեծ զայրույթ առաջացրեց: Այս անգամ Նա արդեն հայտնապես հայտարարեց, որ հրաշքներն Իր աստվածային պատգամաբերության նշաններն են: Պայքարի մեջ մտնելով խավարի տիրապետության դեմ, Նա կատարում է Հոր կամքը: Կյանքն ու օրհնությունը Աստծուց են բխում, ուստի և Նա, Ով երկիր է ուղարկված Նրա կողմից, կոչված է բժշկելու և կյանք տալու: Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ... Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մարդու Որդին Ինքն Իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, որ Հայրը կատարում է, որովհետև, ինչ-որ Հայրն է անում, Նույնը նրա նման և Որդին է գործում... որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. որ, ով Իմ խոսքը լսում ու հավատում է Նրան, Ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը: ՈՒղղադավաններն այլևս չէին կարողանում տանել նման խոսքերը: Բավական չէր, որ Նազովրեցին խախտում էր օրենքը, դեռ Իրեն էլ Աստծո Որդի էր կոչում: Դպիրները շրջապատեցին Նրան և պահանջեցին, որ Նա այնպիսի «երկնային նշան» ցույց տա, որն անառարկելիորեն համոզի բոլորին: Բայց Հիսուսը մերժեց այդ պահանջը: «Չար և շնացող ազգը նշան է փնտրում,- հոգոց հանելով ասաց Նա,- այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև, ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և Մարդու Որդին երկրի ընդերքում երեք օր և երեք գիշեր: Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, և ահավասիկ այստեղ Հովնանից մեծը կա: Հարավի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գա այս ազգի դեմ և պիտի դատապարտի նրան, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. և ահա այստեղ Սողոմոնից մեծը կա»: Արդյոք դրա՞ համար Մարդու Որդին անապատում մերժեց փորձիչին, որպեսզի հիմա ցուցադրվող հրաշքներով ապացուցի Իր իշխանությունը: Ընդհակառակը, Նա ամբոխից մշտապես թաքցնում էր Իր բժշկումները: «Ոչ ոքի չասես»,- հաճախ էր Նա խնդրում նրան, ում վերադարձրել էր առողջությունը: Սովորաբար, միայն Նրա կամքին հակառակ էին մարդիկ ամենուր տարածում չլսված լուրը: Առավել ևս, Քրիստոսը չէր ուզում հրաշքները դարձնել ջատագովության զենք և այդ եղանակով ստիպել թշնամիներին Իրեն լսել: Թող նրանք Իր մասին դատեն այնպես, ինչպես իրենց խիղճն է թելադրում: Միայն Հիսուսին հավատացողներին, միայն հոգով բժշկվածներին հրաշքները կբացվեն որպես Աստծո՝ աշխարհ գալու նշաններ: Կար մի մարդ, որի հոգին տառապում էր այդ օրերին: Ծվատվելով հույսի և կասկածի միջև. մարդ, որը մտածում էր Հիսուսի մասին և իրեն հարց էր տալիս` արդյոք ո՞վ է Նա: Մահերոնում Մկրտչին պահում էին մի յուրօրինակ պատվավոր բանտում: Անտիպասը նույնիսկ զրույցներ էր վարում Հովհաննեսի հետ և համբերատար լսում էր նրա մերկացնող խոսքերը: Երբեմն բերդ էին թողնում Մկրտչի աշակերտներին: Նրանք արտաքին աշխարհից լուրեր էին բերում նրան: Հովհաննեսը նրանցից իմացավ Գալիլիայում տեղի ունեցած դեպքերի մասին, նազարեթցի Մարդու քարոզների և հրաշքների մասին: Մարգարեն, իհարկե, հիշում էր Հորդանանի տեսիլքը և համոզված էր, որ Հիսուսն Աստծուց Ճշմարիտ ուղարկվածն է: Բայց պետք է արդյոք Նրան համարել հենց Մեսիա: Շատ ամիսներ էին արդեն անցել, իսկ Նազովրեցին դեռևս ապրում էր Կափառնայումի մեջ՝ շրջապատված ձկնորսներով և հասարակ մարդկանցով: Որտե՞ղ է Արքայության մեծությունն ու փառքը, որի ավետաբերն ու մունետիկը եղավ Հովհաննեսն ինքը: Տարակուսանքը փարատելու համար Հովհաննեսն իր երկու աշակերտներին Մահերոնից ուղարկեց Հիսուսի մոտ: «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»,- հարցրեց նա: Աշակերտներն ուղևորվեցին Կափառնայում և գտան Հիսուսին, Որը, ինչպես միշտ, շրջապատված էր բազմությամբ: Տրված հարցին Նա ուղղակի չպատասխանեց, այլ միայն ասաց. «Գնացեք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում, և աղքատներին քարոզվում է Ավետարանը: Եվ երանի՜ էր նրան, ով Իմ պատճառով չի գայթակղվում»: Հովհաննեսի աշակերտների գնալուց հետո Հիսուսը դիմեց ժողովրդին և նրանց հետ խոսեց Մկրտչի մասին: «Ինչ տեսնելու ելաք անապատում: Մի մարգարե»: Այո, մարգարե էր Հովհաննեսը, բայց նա ուներ նաև այլ, առավել բարձր կոչվածություն. դառնալ Մեսիայի Նախակարապետը: Նա երկինքներից ընտրված ավետաբեր էր: «Ասում եմ ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել»: «Օրենքը և մարգարեները», Հին կտակարանը մինչ Հովհաննեսը եղան: Նրանից հետո այլ ժամանակներ են սկսվում, երբ մարդկանց հայտնի է դառնում Արքայությունը: Սակայն Հովհաննեսը կանգ առավ երկու կտակարանների սահմանագծին՝ չանցնելով այն: Այդ պատճառով «Աստծո Արքայության մեջ ամենափոքրը ավելի մեծ է, քան նա»: Ըստ երևույթին, Քրիստոսը նկատի ուներ այն, որ Օծյալի մասին Հովհաննեսի պատկերացումները ազատ չէին երկրային փրկության նկրտումներից: Եվ, հետևաբար, Հիսուսը չէր կարող նրան որոշակի պատասխանել. «Այո, Ես Նա եմ, ում դու սպասում էիր»: Ճշմարիտ Փրկիչն աշխարհ եկավ ոչ թե իշխելու, այլ ծառայելու, ոչ թե պատժելու, այլ բժշկելու և բարի լուրը ավետելու համար:

Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Ըստ Ալեքսանդր Մենի
«Մարդու Որդին» գրքի

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ